Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 15-ամյակ

23.09.2024

Կից լուսանկարներ

ԴԴ հիմնադրում, 2010թ.

ԴԴ ընդունելության քննություն_2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հայաստանի դիվանագիտական դպրոցը 15 տարեկան է:

«Առավոտ» օրաթերթի անդրադարձը

«Մեդիամաքս» գործակալության անդրադարձը

«Շանթ» հեռուստաընկերության անդրադարձը

15 տարիների մեր կարևորագույն ձեռքբերումներն են.

  • Մենք կայացել ենք որպես հաստատություն, որ ստեղծել է գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ունի արդյունավետ ու նվիրված անձնակազմ, ձևավորել է ավանդույթներ և չափանիշներ, ինչպես նաև ունի շրջանավարտների տպավորիչ կազմ: Մենք ձեռք ենք բերել լավ համբավ և ունենք գործընկերների ընդլայնվող շրջանակ:
  • Մեր հիմնական ձեռքբերումը մեր ունեցած ներդրումն է Հայաստանի դիվանագիտական ծառայության մեջ: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում մեր շրջանավարտները կրում են ամենօրյա աշխատանքի ծանրության մեծ մասը և հետզհետե ավելի ու ավելի բարձր ու պատասխանատու դիրքեր են զբաղեցնում: Մոտ ապագայում ակնկալում ենք մեր շրջանավարտների շարքերից առաջին դեսպանների նշանակումը: Այս ամենի համար աշխատել ենք, ձեռքներս չծալած, արդեն տասնհինգ տարի:
  • Մեր ձեռքբերումն է նաև ԱԳՆ-ից դուրս՝ այլ պետական մարմինների աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, որ արդեն տասը տարի հաջողությամբ իրականացնում ենք: Մեզ համար ձեռքբերում է նաև այն, որ կանոնավոր հարցումներ ենք ստանում տարբեր գերատեսչություններից, որոնք խնդրում են տրամադրել մեր շրջանավարտների տվյալները՝ իրենց մոտ աշխատանքի հրավիրելու համար:
  • Տարբեր գերատեսչությունների՝ արտաքին կապերի համար պատասխանատու աշխատակիցներին մեր ծրագրերում մեկտեղ բերելով, մենք նրանց համար ծանոթության և հետագա համագործակցության լավ հնարավորություն ենք ստեղծում:
  • Ունենք նաև ոչ պետական հատվածում աշխատող շրջանավարտներ, որոնք մեզ մոտ ստացած գիտելիքներով և հմտություններով լավ ներդրում են մեր երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Մեզ համար մեծ ձեռքբերում է, որ մեզ մոտ գալիս են ոչ միայն ԱԳՆ ընդունվելու համար, այլև հենց կրթության որակի:
  • Ոչ պակաս կարևոր փաստ՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցում կրթությունն ամբողջովին անվճար է:
  • Դպրոցի գործունեության առաջնային շրջանում մենք մեծ օժանդակություն էինք ստանում միջազգային գործընկերներից: Հատկապես առանց Եվրոպական միության շարունակական և շոշափելի խորհրդատվական և նյութական օժանդակության մեր այսօրվա ձեռքբերումները հնարավոր չէին լինի:
  • Ուրախալի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարությունը ոչ միայն ամբողջովին ստանձնել է Դիվանագիտական դպրոցի բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, այլև մեզ հնարավորություն է տրվել պետական բյուջեի միջոցներով ընդլայնել մեր ծրագրերը:
  • Մեր ձեռքբերումներից է նաև առայժմ ոչ մեծաթիվ, բայց դիվանագիտության վերաբերյալ մի քանի գրքերի հրատարակումը:
  • Մենք ակտիվորեն ներգրավված ենք նաև մեր ոլորտը միավորող՝ Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումում, որը դիվանագիտական ակադեմիաների ղեկավարների ոչ պաշտոնական տարեկան հանդիպումների ձևաչափ է, ինչպես նաև տարբեր գործընկեր հաստատությունների հետ ունենք համագործակցության ստորագրված փաստաթղթեր, մի խոսքով՝ իրականացնում ենք միջազգային ակտիվ համագործակցություն, ինչը նպաստում է մեր երկրի հեղինակությանը:
  • Մենք արդեն դասավանդում ենք ոչ միայն հայաստանցիներին, այլև երկշաբաթյա դիվանագիտական-ճանաչողական դասընթացներ ենք կազմակերպում արտերկրի երիտասարդ դիվանագետների համար: Մեր այդ ծրագրերին արդեն մասնակցել են կրտսեր դիվանագետներ Հեռավոր Արևելքի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի մոտ տասնհինգ երկրներից: Մենք ներկայացրել ենք Հայաստանի և մեր տարածաշրջանի իրողությունները, մարտահրավերները և հեռանկարները, այդ ամենի մասին Հայաստանի տեսակետները, ինչպես նաև բացատրել ենք ՀՀ արտաքին քաղաքականությունը, ծանոթացրել մեր պատմությանն ու մշակույթին:   

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ