Մեր առաքելությունը
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ, 2009թ. սեպտեմբերին: Դպրոցի առաջնային նպատակներն են արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, ինչն իրականացվում է բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը:
Դիվանագիտական դպրոցի բացումը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, դիվանագիտական կադրերի պատրաստման 2010թ. «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» առաջին դասընթացի մեկնարկով:
Դասընթացի ընթացքում ունկնդիրների առջև դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ արտաքին գործերի նախարարը և ՀՀ կառավարության այլ անդամներ, ԱԳ նախարարի տեղակալները, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններ, այլ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր:
Հիմնական դասընթացները վարում են աշխարհի առաջատար կրթական հաստատություններից հրավիրված դասախոսներ: Թե’ առանձին առարկաների դասընթացները, թե’ ողջ դասընթացը ավարտվում են քննությամբ: Դասընթացը կազմված է տեսական և գործնական առարկաներից, ուսումնական պրակտիկայից և այցերից:
Յուրաքանչյուր տարի, ընդունելության երկփուլ մրցույթի արդյունքում Դիվանագիտական դպրոցն ընդունում է մոտ երկու տասնյակ ունկնդիրներ:
Դիվանագիտական դպրոցն իր ծրագիրն իրականացնում է նույնաբնույթ առաջատար կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերին համահունչ և ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին համապատասխան, և դասախոսելու հրավիրվում են համապատասխան ոլորտների առաջատար մասնագետներ:
Հայաստանի դիվանագիտական դպրոցի լավագույն շրջանավարտները ընդունվում են աշխատանքի Արտաքին գործերի նախարարությունում: Դիվանագիտական դպրոցը դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին է: